Ցիլոյով աղջիկ

– Բարև: Ես եմ: Չբարձրաձայնվող բառերի մեջ, բառերի թիկունքում, բառերի ստվերում թաքնվածը, – ամենօրյա կարևոր արարողակարգի ճշտապահությամբ էլի ասաց, ժպտաց ու դուրս թռավ, որովհետև էլի ուշանում էր՝ ինչպես ամեն օր:
Վաղուց հենց այսպես էր սկսում իր ամեն օրը: Զրուցակիցը փոխվել էր, նոր էր ու ավելի մեծ, բայց նախորդի պես սա էլ միշտ ձևացնում էր, թե առաջին անգամ լսեց: Այդպես էլ ապրում էին՝ համերաշխ, իրար լրացնելով, իրար հանդուրժելով, կարևոր բառերն առանց վախենալու ասելով:

***
Կյանքի ծալքերում այնքան բան էր կորցրել: Կարծում էր՝ լավ-վատ ապրում է կյանքը: Մեկ էլ հանկարծ խամրած հիշողության խորքերից գալիս դիմացն էին կանգնում ինչ-որ դիպվածներ: Հիշում էր՝ ոնց մեկը հարվածեց թիկունքից ու միգուցե այդ պահից անդառնալիորեն բեկեց իր կյանքի ընթացքը: Հետո մի ուրիշն էլ այդպես վարվեց, ու կյանքի այդ ընթացքը նույնպես բեկվեց: Աչքերը փակում էր երազելու համար ու հանկարծ հիշում էր ինչ-որ մեկի անառիթ անտարբերության ու արհամարհանքի տխրությունը: Հոր ապտակն էր հիշում՝ վաղուց, շա~տ վաղուց ստացած: Ինչո՞ւ էր հիշում: Գոնե մոռանար, կյանքն այսքան դառը չապրեր: Չէ~, չէր կարող: Առաջ մղողը հիշողություններն էին:
Սկզբում գրելն էր փրկությունը: Անդադար գրում էր ամեն ինչի մասին: Ու անդադար խոսում էր: Տարիների հետ էր միայն հասկանալու, որ ամենածանր բանը լռելն է, որ լռելը ոչ միայն իր, այլև իր երազների միակ փրկությունն է: Այդ ժամանակ ի՞նչ հասկանար, որ մարդկանց հոգիներում կարող է չարն ավելի շատ լինել, ի՞նչ հասկանար, որ ուրիշների համար ուրախանալն ամենքին տրված չէ: Տարիների, կորուստների ու հիասթափությունների վրայով քայլեց՝ սրտի ոտքերն արյունոտելու աստիճան ցավելով, մինչև որ հասկացավ՝ լռել, չպատմել, չվստահել ամենքին:
Ջրի կաթիլի պես պարզ էր, անկեղծ էր, դրանից էլ ապրելը ծանր էր իր համար: Մի քիչ էլ սերն էր քիչ ինքն իր հանդեպ: Բոլորի մեջ միայն լավը տեսնելով տարված՝ մոռացել էր մեկ-մեկ էլ սեփական սրտի խորքերը նայել: Գուցե այնտեղ սերն ավելի շատ էր, դրանից էլ բոլորին լավն էր համարում: Չէր մտածել: Չէին սովորեցրել: Պիտի տարիների հետ հասկանար:

***
Դուրս թռավ տնից: Ժպիտ կար դեմքին: Վերջերս աչքերը փայլում էին: Խորհրդավոր էր խոսում հավատարիմ զրուցակցի հետ: Ավելի հաճախ էլ պարզապես կանգնում էին դեմ դիմաց, նայում իրար, ժպտում ու լռում: Իրար հասկանում էին: Այդ պահերին էլի երազում էր: Մի օր որոշել էր երազանքներին չկրվելու համար պարզապես այլևս չերազել: Կրվել չէր կարող, ի լուր աշխարհի ասել էր, որ ինքը կյանքին ու երազանքներին չկրված մարդ է: Պիտի խոսքը պահեր:
Վազում էր աշխատանքի: Հետո դասի էր գնալու: Որոշել էր հին երազանքներից մեկը իրագործել. հաղորդավարություն էր սովորում: Ամբողջ օրը ոգևորված սպասում էր դասի սկսվելուն: Հանձնարարություն ուներ, գիշերը մի շնչով էր գրել, բայց գոհ էր: Միշտ էլ ամենակարևոր բաներն անում էր վերջին պահին, մի շնչով, այլապես չէր հավանելու: Ուզում էր բոլորի մոտ բարձրաձայն կարդալ: Այդպիսի ոգևորություն 17-18 տարեկանում անգամ չուներ: Հիմա այս ի՞նչ պատանեկան թրթիռ էր, ինքն էլ չէր հասկանում երբեմն: Լավ զգացողություն ուներ՝ ինչ-որ լավ բան էր պատահելու: Սպասում էր:
Դասը սկսվեց: Ցանկություն հայտնեց կարդալու իր մտորումը: Բոլորը սևեռեցին ուշադրությունը: Իրեն կարևոր էր զգում: Գիտեր՝ կհավանեն, որովհետև ինքն էլ էր հավանել: Այդպիսի բան հաճախ չէր լինում: Թեթև հազաց, ձգվեց ու սկսեց կարդալ.

«Եթե տարիներ առաջ իմանայի, որ մի օր ինձ հանձնարարվելու է մտորել այս հարցի շուրջ՝ «Ո՞րն է այն ուժը, որը շարժում է մոլորակը», ես անպայման լավ կսովորեի ֆիզիկա ու աստղագիտություն: Դե գոնե ֆիզիկայից ձգողության ու առաձգականության օրենքները իմանայի, աստղագիտությունից էլ՝ շարժման մեխանիկան: Լավ, գոնե Նյուտոնի շարժման օրենքը անգիր արած լինեի: Հիմա մի կարճ, գիտական պատասխան կգրեի ու կվերջանար ամեն ինչ: Բայց ես «հումանիտար» եմ, հետևաբար հիմա պիտի ստեղնաշարը չըխկչըխկացնեմ ու մի քիչ «ջուր ծեծեմ» ինչ-որ գեղարվեստական տողերով:
Եվ ուրեմն:
Ի սկզբանե խոսքն էր: Ու միգուցե այդ խոսքը «Սե՞րն» էր: Եվ ո՞վ գիտե, գուցե սերն է, հենց սերն է շարժում այս մոլորակը: Մի օր ամեն ինչ ավարտվելու է: Մի օր մինչև վերջին «բջիջը» քչփորելու ենք այս մոլորակի սիրտը, այնքան ենք չարություն ու բացասական էներգիա ուղարկելու տիեզերք, որ ի վերջո մեր չարությունից այն «պայթելու» է: Բայց դեռևս մի քիչ սեր կա, ու դա պահում է տիեզերքը, շարժում այս մոլորակն ու ապրեցնում է մեզ:
Բայց այս ի~նչ դժվար է մտորել մոլորակը շարժող ուժի մասին, երբ Չեմպիոնների լիգան վերադարձել է ու մոլորակի ընթացքը քեզ համար 90 րոպեով այսօր կանգ է առել:
Ես աթեիստ չեմ, ու հավատացյալ նույնպես չեմ: Բայց քանի որ տարիներ առաջ լավ չեմ սովորել ֆիզիկա ու աստղագիտություն, կամ գոնե շարժման մեխանիկայից գաղափար չունեմ, ինձ մնում է հավատալ, ընդունել ու վստահաբար կարծել, որ սերն է, թերևս մի քիչ էլ՝ բարությունը, այն ուժը, որ շարժում է այս մոլորակը»:
Լսարանում լռություն էր: Իսկ ինքն ինչի՞ էր սպասում: Երևի՝ հենց լռության: Իսկ միգուցե գովեստի խոսքերի՞: Ի վերջո հնչեց. «Ի~նչ լավն էր…»: Խորը շունչ քաշեց, ժպտաց: Դեռ մի քանի անգամ գլխում արձագանքելու էր. «Ի~նչ լավն էր…»:

***
Թանձր մութ էր, երբ դուրս եկավ Armenia TV-ի շենքից ու քայլերն ուղղեց դեպի կանգառ: Քայլում էր սառը քամուն հակառակ, ու օդը մրմռացնող հարվածներ էր հասցնում դեմքին: Գիտեր՝ անիմաստ է այդ ժամին կանգառում սպասելը: Բայց սպասեց: Ուզում էր մի քիչ մտածել, մտքով անցել էր, որ սառը օդին ավելի սթափ կմտածի: Բայց ցուրտն արագ մտավ հագուստի արանքներն ու այլևս ոչնչի մասին չէր կարողանում մտածել մրսելուց բացի: Ե՞րբ այսքան մրսկան դարձավ: Առաջ այսպիսին չէր, դիմանում էր ցրտին: Երևի՝ երբ որ հասկացավ, որ ձեռքերը տաքացնող չկա, ու ինքը պիտի գարնան գալուն սպասի, որ ձեռքերը նորից տաք լինեն:
Մի քանի օր առաջ ասուլիսի էր գնացել: Կարևոր հարցեր էր տվել: Իսկ վերջում բանախոսը հիացմունքով մոտեցել էր ծանոթանալու, շնորհակալություն հայտնելու: Ձեռքը բռնել էր ու ցնցվել այդ տաք սենյակում իր ձեռքի սառնությունից. «Այսքան սիրուն աղջիկ, ու այսքան սառը ձեռքե՞ր», – զարմացած ոչ այն է հարցրել էր, ոչ այն է՝ բացականչել: Փորձել էր մի բան ասել. «Դե, ցուրտ էր այստեղ»: Հետո պիտի դուրս գար՝ իր հետ տանելով այդ օտար, բայց կյանք տեսած մարդու խոսքերը. «Ի՞նչ է, ձեռքերդ տաքացնող չկա՞: Ո՞նց կարելի է: Չտխրես, անպայման մեկը կգա ու իր ձեռքերով կտաքացնի այս սիրուն ձեռքերդ: Շուրթերով էլ կջերմացնի»:

***
Լավ զգացողություն ուներ: Ինչ-որ լավ բան էր պատահելու: Ինչ սկսել էր ինքն իրեն ավելի շատ սիրել, ավելի հաճախ ժպտալ, ուրիշներն էլ էին ժպիտով դիմավորում ու ճանապարհում, հաճոյախոսում էին, հիացած աչքերով նայում: Ինչ սկսել էր ինքն իրեն ավելի շատ սիրել, ուրիշներից էլ էր սեր զգում: Թաքուն խորամանկ ժպտում էր ու շտապում տուն՝ նրան պատմելու օրվա եղած-չեղածը:

***
Վերջապես կյանքից բաց էր թողել բոլորին, ովքեր ավելորդ էին, ովքեր սխալմամբ էին իր կյանք ընկել, իսկ ինքը դուռը դեմքներին ժամանակին չէր շրխկացրել: Մի օր որոշեց ուժեղ թակել ճակատագրի դուռն ու ասել, որ իր կյանքում հիմա տեղ կա: Առաջ ամեն մի սովորություն ու կախվածություն «հաղթահարում» էր մի նոր սովորությամբ ու նոր կախվածությամբ: Կետադրական նշաններից էլ կախման կետերն էր նախընտրում: Դրանից էլ վատը կյանքում շատ էր: Երբ ինքն իրեն ավելի շատ սիրեց, կախման կետերը համարձակորեն փոխարինեց վերջակետերով: Էլ չէր վախենում, որ կարող է մի օր մենակ մնալ: Արդեն ինքն իրեն հերիք էր: Էլ միայնակ չէր, պարզապես մենակ էր, ու դա ուրիշ բան էր:

***
– Բարև: Ես եմ: Չբարձրաձայնվող բառերի մեջ, բառերի թիկունքում, բառերի ստվերում թաքնվածը, – ամենօրյա կարևոր արարողակարգի ճշտապահությամբ էլի ասաց, էլի ժպտաց ու դուրս թռավ: Խոստացել էր՝ ինչ էլ լիներ, ժպտալու էր: Ուրիշ էլ ոչ ոք երբեք չէր ժպտալու իրեն, եթե առաջինն ինքը չժպտար: Ուշանում էր: Այդպես էլ երբեք չի հաղթահարի այդ սովորությունը, ինչպես որ երբեք չի սովորի, որ երջանկությունը պիտի երբեմն թաքցնել կարողանալ:
Տաքսու մեջ 3.33-ի «Կակաչներ»-ն է: Երկու ամիս էլ չկար, որ սկսել էր լսել: Այնքան բան պատահեց այդ ընթացքում, ասես հազար տարի էր անցել: Այնքան բան կա գրելու: Երազում է նորից գրել կարողանալու մասին, բայց մտքերը չեն հավաքվում: Վայրկյանում հազար բան է մտածում, փորձում է հասկանալ: Հին ուղին բռնելու նշաններ է նկատում. կարծես էլի ուզում է իր մեջ գտնել պատճառները:
– Սվետաֆորից թեքվելո՞ւ ենք, թե ուղիղ ենք գնալու:
Շփոթվեց, մի երկու վայրկյան մտքերն ի մի բերեց, հիշեց, որ տաքսու մեջ է:
– Ուղիղ գնանք, – ասաց ու նոր միայն նկատեց, որ բավականին համակրելի երիտասարդ է վարորդը: Վաղուց տղաների մեջ համակրելիների չէր «գտնում», որովհետև պարզապես չէր փնտրում:

3.33-ի «Կակաչներ»-ը համոզում էր. «Ու կգա քո ժամանակը, մի ասա՝ ուշ ա, դու թագուհի ես, դու ձյունանուշ ես: Պետք չի ջնջել կամուրջները, պետք չի հուսահատվել, քո կյանքը քո հետ մեծ հույս ա կապել…»: Հա՞ որ: Ի՞նչ անի, չգիտի: Կախման կետերի ու վերջակետի արանքում մոլորված կանգնել է: Այս անգամ այնպես էր ուզում, որ ամեն ինչ իր հունով գնար: Այնքան համոզված էր, որ այս մեկից հաստատ մի բան դուրս կգար ու կյանքը կկետադրեր այս պատմությունը, որ ինքը վերջակետերի ու կախման կետերի միջև ընտրություն չէր անի երբեք:

***

58873520_402132857048774_7149437740998721536_o
Նորից իրար դիմաց են՝ ինքն ու նա: Երկուսն էլ զգում են, որ իրար լսելու շատ բան ունեն: Ինքն ուզում է ամեն-ամեն ինչ պատմել, հոգին թեթևացնել, որ կարողանա առաջ գնալ:
– Երևի ինչ-որ ժամանակ մեր լսած երգերն ու մեր գրած տողերը կոդավորում են մեր ապագան: Երևի բառերի սխալ ընտրություն անելուց վախենալը դեպի դատարկություն է տանում կարևոր զրույցները:
– Դեռ այնքան բան ունես սովորելու, մինչև որ կդառնաս ինչ-որ մեկի ներկա-շարունակականը, ու ինչ-որ մեկն էլ կդառնա քո ներկան ու ապագան: Դու դեռ չես ազատվել անցյալիցդ, իսկ դա ապագա չի սիրում: Անցյալն ապագայից վախենում է, դրա համար էլ քեզ անընդհատ քաշում է դեպի իր փոսը: Պիտի ամեն ինչ մոռանաս, թե չէ ապրելդ երբեք չի թեթևանա:
– Զգում եմ՝ կարծես կրվում եմ կյանքին ու սեփական երազանքներիս:
Նա դառը քմծիծաղ տվեց:
– Ցավո՞ւմ է ներսդ: Ափսոսանք զգո՞ւմ ես:
– Հա~: Երանի թողնեի՝ իր հունով գնար, գուցե մի բան դուրս գար:
– Միլիոն անգամ ասել եմ՝ շախմատ խաղալ սովորի: Ոչ քո հաջորդ քայլերն ես կարողանում հասկանալ, ոչ էլ կռահում ես դիմացինիդ քայլերը: Սովորի էլի: Պետք կգա:
– Ուշ չի՞:
– Էն անկապ երգը, որ առավոտից իրիկուն լսում էիր, ասում էր. «Մի ասա ուշ ա…»: Մոռանում ես, որ պիտի ժպտաս ինքդ քեզ ու սիրես՝ անկախ ուրիշների սիրելուց: Մի քիչ էլ ինձ ժպտա ու սիրիր, ում ասես սեր ես տալիս, բայց ամենալավերին չես նկատում, – ծիծաղեց ամբողջ ուժով: Շառաչուն ապտակի պես մի բան կար ծիծաղի մեջ:
Հեռախոսը վերցրեց. նվագարկիչը չէր անջատել: Ականջակալները հանեց, ու երգի հնչյունները լցվեցին իր ու նրա արանքում:

                          Je n’ai plus rien à perdre Ես էլ կորցնելու բան չունեմ
Rien à gagner Ու շահելու բան էլ չկա

                         Je n’ai plus de peine Էլ ցավ չկա
                        Plus rien à pleurer Ու լացելու բան էլ չկա

                       Rien c’est déjà trop Ոչ մի բան-ը արդեն չափից շատ է
                      Tout me semble faux Ամեն բան կեղծ է

                      Quand t’es pas là Երբ դու այստեղ չես
                      Ça ne compte pas Ամեն ինչը հաշիվ չէ…

– Բոլորը մեզ իրենցից թողնում են միայն մի երգ: Մնացածը տանում են իրենց հետ…
Քար լռություն տիրեց իր ու նրա միջև: Այստեղից փախչել էր պետք: Աղմուկ էր փնտրում…

***
Էլ դասերի չէր գնում: Բայց մի օր նորից կվերադառնա երազանքին, որովհետև ինքը կյանքին ու երազանքներին երբեք չի կրվում: Ամենամեծ երազանքները վաղուց իր ձեռքից կյանքը խլել է, տեղը թողել դատարկություն: Հիմա չի կարող կրվել, թեկուզ կյանքը դրանից էլի ծանրանա: Գլուխը կախել չկա: Պիտի ժպտա: Պիտի շարունակի կյանքը լցնել ինքն իրենով: Օրը մի բան կհորինի, կյանքը կգունավորի:
Մի օր սկսեց քաղաքում ցիլոյով շրջել: Ոմանք հիացող ժպիտով էին նայում, ոմանք՝ տարօրինակ մարդու տեղ դրածի քմծիծաղով: Իսկ ինքն իրեն դուր էր գալիս: Դեռ չտեսած Փարիզն էր պատկերացնում ու իրեն՝ Էյֆելյան աշտարակի շրջակայքում զբոսնելիս: Այս ե՞րբ էլի սկսեց երազել: Այնքան բան է կուտակվել: Գրելու քաղց կա: Վաղուց չի կարողանում գրել: Կարդալն էլ դժվար է ստացվում. տողերի «պոչը» կորցնում է, մտքերով ընկնում: Չէ՛, որոշեց: Կգնա տուն ու կգրի: Կարևոր չէ՝ ինչ, միայն թե սիրտը մի քիչ թեթևանա: Միայն թե այս օրն ավարտվի:

***
– Բարև: Ես եմ: Չբարձրաձայնվող բառերի մեջ, բառերի թիկունքում, բառերի ստվերում թաքնվածը, – ասաց ու չժպտաց: Վաղուց այլևս այսպես չէր ողջունել նրան:
Թուղթ ու գրիչը վերցրեց, տեղավորվեց հայելու դիմաց: Նայեցին իրար ինքն ու նա: Չժպտացին: Այդ պահին լռել էր պետք: Ձեռքը սկսեց դանդաղ շարժվել: Հետո կարճ ջղակծկում եղավ ու շարժումն արագացավ.
«Իմ վերջին սերը ինչ-որ մի օր կարող էր սիրել ինձ, բայց այդ օրը չգտնվեց իմ ու նրա օրացույցում: Մի օր կհանդիպենք ես ու իմ վերջին սերը, ինչպես երբեմն հանդիպել ենք ու անցել իրար կողքով՝ ինքն անտարբեր, ես՝ թաքցրած հուզումով:
Իմ վերջին սերը մի օր կգտնի իր միակ սերը: Ու ես ինձ կփորձեմ զբաղեցնել ամենատարբեր մտքերով, հաճախ՝ շատ հիմար, ինչ է թե մոռանամ, չմտածեմ, չտխրեմ իմ վերջին՝ չապրված սիրո համար:
Ինչ-որ բանից պիտի լաց լինել, որ խաղաղվեմ, հանդարտվեմ. ու թող դա լինի այն, որ իմ վերջին սերը մի օր գտել է իր միակ սերը:
Ու նա ես չեմ…»
Գրիչը ցած դրեց ու նայեց նրան: Զայրացած էր: Աչքերը բարկությունից կարմրում էին: Զգաց՝ ուր որ է՝ կպայթի:
– Խոսիր: Ասա՝ ինչ մտածում ես: Գիտես, որ քեզ միշտ էլ լսում եմ:
– Ոչինչ էլ չես լսում: Անիմաստ խոսում եմ ամեն անգամ: Իսկ դու միշտ նույն սխալներն ես թույլ տալիս: Նույնն ես: Դու չես փոխվի:
– Ես հույս ունեի, որ այս անգամ ամեն ինչ այլ է: Կարծում էի՝ ամեն ինչ ճիշտ եմ անում:
– Ե՞րբ ես մեծանալու…
– Հիմա ու այսուհետ: Կմոռանամ: Էլ ոչինչ չեմ զգում…
– Դու անընդհատ քեզ համոզիր, ուրիշներին խաբիր, թե մոռանում ես, թե էլ վերջ, ոչինչ չես զգում։ Բայց միշտ իրեն բերելու ես առաջին պլան։ Նա, որի համար դու երբեք ավելին չեղար, քան պարզապես ինչ-որ մեկը։ Լսիր, գլուխդ էդ հեռախոսից հանիր, երբ հետդ եմ խոսում…
Քար լռություն էր սենյակում: Միայն ծանր շնչառության ձայնն էր երբեմն լսվում: Նա նորից շարունակեց.
– Դու քեզ կեղեքում ես ու դեռ ինձ էլ համոզում ես, թե կմոռանաս: Հերթով բացում ես բոլորի «սթորիները», զգուշությամբ, ուշադի~ր հետևում ես, որ ճիշտ վայրկյանին «դադար» տաս, որ հերթն իրեն չհասնի։ «Անտեսո՞ւմ» ես։ Իսկ ներսում ինչ-որ տխրության առնետներ կրծում են նյարդերդ։ Կրծում են, չէ՞: Իսկ եթե չի էլ նկատո՞ւմ, որ «անտեսում» ես։ Իսկ եթե ինքն էլ քեզ է անտեսո՞ւմ։ Հա, առանց չակերտների։ Քո կյանքում վատը ուրիշների հանդեպ չակերտավոր է։ Ինչի՞ համար։ Ե՞րբ ես սովորելու, որ պիտի ամենքին պատասխանես էնպես, ինչպես իրենք են քեզ հետ։ Հը՞, «ցիլոյո՛վ աղջիկ»: Կա՞մք ես խաղում։ Հիմարություն։ «Անտեսելը» դարձրու ուղղակի չնկատել, որ կյանքդ առաջ գնա։ Տեղում դոփում ես։ Գոնե հասկանո՞ւմ ես։ Նա քեզ չի նկատում։ Ուղղակի չի նկատում։ Նա քեզ չի խնդրել, երբեք չի խնդրել իրենով ապրել, քո երազանքները մոռացած` իր համար երազել, քեզ մոռացած` իր համար մտածել։ Հիմար մի եղիր։ Կյանքդ անցնում է։ «Անտեսելը» չնկատել դարձրու, որ կյանքդ թեթևանա։ Սարքել ես բեռ։ Սիրելը սարքել ես տանջանք, ինքնակեղեքում։ Դու էս կյանքը սարքել ես սրտիդ նստած մի ծանր քար, դրանից էլ ապրելը դժվար է, անտանելի։ Ցած թափիր էդ քարերը, որ ապրելը թեթևանա, որ ինքդ քեզ սիրելու տեղ ազատվի, որ ուրիշի սերը համարյա պետք չլինի, բայց շատ լինի։ Կյանքդ լավով լցնելու մասին մտածիր, անպետքությունները դուրս նետիր։ Ախր դա էնքան նեղ ու քիփլիկ տարածք է, ո՞նց ես էդքան բան տեղավորում, դրա համար էլ քեզ ապրելու տեղ չի մնում։ Չէ, պատմելու համար հարմար մեկին մի՛ փնտրիր։ Ում ի՞նչ, թե ինչքան, ինչի համար ու ոնց ես սիրել։ Ում ի՞նչ, թե քեզ ոնց չի սիրել…

***
Ասում են՝ կոտրված հայելին վատ նշան է: Ասում են՝ չի կարելի նայել կոտրված հայելու մեջ: Գլուխը մի կողմ շրջած հավաքում է մեծ-մեծ փշուրները: Փորձում է իրեն չտեսնել դրանց մեջ: Փորձում է արցունքները կուլ չտալ: Առանց այդ էլ կյանքը դառնահամ է: Այս անգամ էլ ոչինչ չստացվեց: Զրուցակցին փշրեց, ձեռքն էլ արնահոսում է ու տնքում ցավից:

***
Ցիլոյով աղջիկներ քաղաքում շատ չկան: Ու յասամանի փնջերին ուրիշ ոչ ոք երազելով չի նայում: Այդ մի բանն ինքն իրեն չի նվիրի: Կսպասի: Մի օր վերջապես կգա իր սառած, սպիոտ ձեռքերը ջերմացնողը՝ ձեռքին մի փունջ յասաման: Այս անգամ չստացվեց, բայց մի օր անպայման ինչ-որ լավ բան է լինելու: Լավ կանխազգացում ունի…

Leave a comment